Նորություններ

Ռեժիսորներն առանց սահմանների նորից կհավաքվեն Երեւանում

Վերադարձ 26 Հունիսի 2008 17:56
Ռեժիսորներ առանց սահմանների տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը Ոսկե ծիրանի բեղուն ծրագրերից է: ՌԱՍ երկրորդ ֆորումը տեղի կունենա այս տարի փառատոնի օրերին, հուլիսի 15-ից 17-ը, Արտաքին գործերի նախարարության կոնֆերանսների դահլիճում:

ՌԱՍ ֆորումը հայաստանյան և տարածաշրջանային ֆիլմարտադրողների և միջազգային կինոհիմնադրամների ներկայացուցիչների հանդիպման վայր է:

ՌԱՍ ֆորումը կոչված է խթանել տարածաշրջանում համատեղ ֆիլմերի արտադրությունը, մասնավորապես կովկասյան պետություններում` Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, հարավ-արևելյան Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Մերձավոր արևելքում (ներառյալ Մոլդովան, Ուկրաինան, Ռումինիան, Բուլղարիան, Սերբիան, Աֆղանստանը, Իրանը, Թուրքիան և այլն): Կինոյի միջոցով ՌԱՍ-ը նպատակ ունի զարկ տալ մշակութային երկխոսությանը այս էթնիկապես և քաղաքականապես բարդ տարածաշրջանում:

2007 թ. ՌԱՍ ծրագիրը պաշտոնապես ճանաչվել է որպես հիմնական համագործակցության դաշտ “Ոսկե ծիրան”, Ռոտերդամի և Պուսանի միջազգային կինոփառատոնների միջև:

Այս տարի ևս այն կներառի սեմինարներ, նախագծերի ներկայացում, անհատական հանդիպումներ, տարածաշրջանային ֆիլմերի ծրագրի ցուցադրում:

Այս տարի ՌԱՍ ֆորումին մասնակցելու համար տարածաշրջանի տարբեր երկրներից 32 հայտ է ստացվել, ընտրվել են 12-ը` Վրաստանից, Իրանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Մոլդովայից և Հայաստանից: ՌԱՍ ֆորումի ժյուրիի կազմում են լինելու Համաշխարհային Կինոյի հիմնադրամի /Wօrld Cinema Fund/, Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուրբերթ Բալս հիմնադրամի /Rotterdam International Film Festival Hubert Balls Fund/, Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի հիմնադրամի /Goteborg International Film Festival Fund/, Եվրիմաժի /Eurimages/ (ԵԽ Եվրոպական կինեմատոգրաֆիկ գործերի համատեղ արտադրության, տարածման և ցուցադրման հիմնադրամ) ներկայացուցիչները:

Ֆորումին ներկայացաված երկու նախագիծ կստանան դրամական պարգևներ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի Հյուբերթ Բալս հիմնադրամի և ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Բացի այդ, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ԵԱՀԿ և Բաց հասարակության ինստիտուտի երևանյան գրասենյակները կհանձնեն հատուկ` ”Հանդուրժողականություն առանց սահմանների” մրցանակ հայկական նախագծերից մեկին: Կտպագրվի մասնակից նախագծերի երկրորդ գիրքը: Նախագծերի պրոդյուսերի/ռեժիսորի համաձայնության դեպքում ընտրված նախագծերը կներկայացվեն Պուսանի միջազգային կինոփառատոնի Պուսանի Զարգացման Ծրագրին (Pusan Promotion Plan, Հարավային Կորեա): Ֆորումին նաեւ աջակցում է Եվրասիա զարգացման հիմնադրամը:

Առաջին ՌԱՍ ֆորումը տեղի ունեցավ 2007 թ. Ոսկե ծիրան  4-րդ կինոփառատոնի շրջանակներում: Մասնակիցների կողմից այն ճանաչվեց չափազանց արդյունավետ և տարածաշրջանային մեծ կարևորություն ունեցող: Առաջին ՌԱՍ ֆորումի երկու հաղթող նախագծերից Գիորգի Չալաուրիի Սուսա  -ն (Վրաստան) ստացավ Հյուբերտ Բալս հիմնադրամի զարգացման դրամաշնորհը` 5000 եվրո, իսկ Իննա Սահակյանի Վերջին երկու լարախաղացները (Հայաստան) արժանացավ 5000 ԱՄՆ դոլար պարգևի Ոսկե ծիրան կինոյի զարգացման հիմնադրամի կողմից: Այս գումարներն օգնեցին հեղինակներին ամբողջացնել իրենց նախագծերը և արտադրության համար ֆինանսավորում գտնել. այսօր դրանք երկուսն էլ գտնվում են նկարահանման փուլում: Բացի այս, ՌԱՍ ֆորումը մասնակից բոլոր նախագծերի համար նոր դռներ բացեց միջազգային ասպարեզում. Պուսանի միջազգային կինոփառատոնի Պուսանի Զարգացման Ծրագրին ներկայացված հայկական նախագծերից մեկը` Ժաննան և ձայները (ռեժիսոր` Միքայել Վատինյան, պրոդուսեր` Արմինե Անդա) արժանացավ 20.000 ԱՄՆ դոլար մրցանակին: Նույն նախագիծը Պուսանի կինոփառատոնում ձեռքբերված հաջողությունների հետևանքով այս տարի ներկայացված էր Կաննի կինոփառատոնի համապատասխան ծրագրում, որտեղ նախագծի համար համագործակցության բազմաթիվ հնարավորություններ են բացվել:

Կույր լեռը, Չինաստան/Ռուսաստան
Ստորին Կալեդոնիա, Ռուսաստան
Քամու մարդը, Ռուսաստան/Ղազախստան
Ամերիկան մեկ սենյակում, Վրաստան
Լեռնաբյուրեղի հայրենիքը, Վրաստան
Ովքեր ենք մենք, Նիդեռլանդներ
Շանհայ տրանս, Նիդեռլանդներ
Ծիծեռնակի բույնը, Թուրքիա
Շշնջացող հուշեր, Թուրքիա
Մոխրից հառնածը, Թուրքիա
Իմ Մարլոնը և Բրանդոն, Թուրքիա
Տրանսասիական ճեպընթաց, Թուրքիա
Բիրլյանթ. չեչենական պատմություն, Կանադա
Աֆղանական քրոնիկոն, Կանադա
Այն երեքը, Իրան
Միշտ ուշ է ազատության համար, Իրան
Բացե´լ սահմանները, Հայաստան
Խաղահրապարակ, Հայաստան
Արշալույսը խաղաղ է Արցախում, Հայաստան
Թշնամիները, Հայաստան
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն