Նորություններ

Մամլո հաղորդագրություն 3 հունիսի, 2008թ., Երևան

Վերադարձ 03 Հունիսի 2008 11:11

Իր գործունեության 5 տարիների ընթացքում Ոսկե ծիրան փառատոնը Հայաստանի մշակութային կյանքում դարձել է ամենանշանակալից իրադարձություններից մեկը, ճանաչում և հարգանք ձեռք բերել համաշխարհային կինոհանրության կողմից: Որպես կարևոր մշակութային երևույթ` 2005թ.-ից փառատոնը գործում է Եվրոպական մշակութային խորհրդարանի հովանու ներքո: 2007-ին Եվրախորհրդի կողմից փառատոնին իրավունք է շնորհվել կրել Եվրախորհրդի խորհրդանիշը:

Ոսկե ծիրան երևանյան 5-րդ միջազգային կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 13-ին, Երևանում: Յոթ օր շարունակ Երևանում կլինի կինոյի և մշակույթի տոն: Անվանի կինոռեժիսորներ, կինոգետներ, կինոքննադատներ դերասաններ, ֆիլմարտադրողներ հնարավորություն կունենան ոչ միայն ծանոթանալ և մասնակցել Ոսկե ծիրանի բազմաժանր ծրագրին, այլև համատեղ ծրագրեր կմշակվեն, որոնք ուղղված կլինեն նաև հայկական կինոյի զարգացմանը :

Այս տարի Ոսկե ծիրանն առավել քան հագեցած է: Գրանցվել է աննախադեպ թիվ. գրասենյակը ստացել է մոտ 400 (395) ֆիլմի մասնակցության հայտ` ավելի քան 65 երկրներից:

Ոսկե ծիրանը կներկայացնի ոչ միայն տարբեր ազգերի նորանուն ռեժիսորների ֆիլմեր`այդպիսով ներկայացնելով աշխարհի ժամանակակից կինոն, այլև, ինչպես միշտ, կհյուրընկալի պատվավոր հյուրերի, ովքեր կինոաշխարհում մեծ հեղինակություններ են: Այս տարի Ոսկե ծիրանի պատվավոր հյուրերը կլինեն գերմանացի ճանաչված ռեժիսոր, Եվրոպական կինոակադեմիայի նախագահ` Վիմ Վենդերսը, իրանցի հանրահայտ ռեժիսոր` Դարիուշ Մեհրջուին, սերբ նշանավոր ռեժիսոր` Գորան Պասկալևիչը, հայազգի մեծանուն կինոռեժիսորներ` Արտավազդ Փելեշյանը, Ռոման Բալայանը, Ատոմ Էգոյանը, ֆրանսիացի անվանի ռեժիսոր` Կատրին Բրիյան և այլոք:

Այս տարի համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար "Փարաջանովյան թալեր" մրցանակներ կշնորհվեն Վիմ Վենդրեսին, Դարիուշ Մեհրջուիին: Նախատեսված է նաև համաշխարհային կինոյում մեծ ներդրման համար հետմահու հարգանքի տուրք մատուցել Միքելանջելո Անտոնիոնիին:

Փառատոնի մրցութային ծրագիրը բաղկացած է հետևյալ բաժիններից`

  • Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ

  • Վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ

  • Հայկական համայնապատկեր մրցույթ

  • "Ռեժիսորներ առանց սահամանների" տարածաշրջանային մրցույթ


ՖԻՊՐԵՍԻ և Էկումենիկ ժյուրիները կհանձնեն իրենց մրցանակները:

Բացի մրցութային ծրագրերից փառատոնն ունի նաև արտամրցութային ծրագրեր`
Երևանյան պրեմիերա
Հետահայաց ցուցադրություններ
Հարգանքի Տուրք
Արաբական գիշերներ
Եվրոպական համայնապատկեր, որի շրջանակներում տեղի կունենան Ֆրանսիական կինոյի օր, Հոլանդական կինոյի օր, Գերմանական կինոյի օր և այլն
Վավերագրական աշխարհ

Երևանյան պրեմիերաների շարքում են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի "Երիտասարդություն առանց երիտասարդության", Գորան Պասկալևիչի "Լավատեսները", Վիմ Վենդերսի վերջին ֆիլմը` "Նկարահանում Պալերմոյում" և այլն:

Այս տարի լրանում է հայ մեծանուն կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 70 ամյակը: Ոսկե ծիրանը մեծ շուքով պատրաստվում է նշել մեծանուն արվեստագետի հոբելյանը:

Ծավալուն ծրագիր նվիրված կլինի իտալացի անվանի կինոռեժիսոր Միքելանջելո Անտոնիոնիի հիշատակին: Ներկա կլինեն Անտոնիոնիի այրին` կինոռեժիսոր Էնրիկա Անտոնիոնին, Անտոնիոնիի ֆոնդի տնօրենը` Կլաուդիո Գաբրիելեն և Պիերո Մարսիլին` լուսանկարիչ, ով երկար տարիներ լուսանկարել է մեծանուն արվեստագետին: Բացի Անտոնիոնիի ֆիլմերի ցուցադրությունից, Ազգային պատկերասրահում կբացվի նաև Անտոնիոնիի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը և Պիերո Մարսիլիի ֆոտոցուցահանդեսը` նվիրված Անտոնիոնիին:

Վիլյամ Սարոյանի 100 ամյակին նվիրված միջոցառումների շարքում Ոսկե ծիրանը կներկայացնի նրա կինոսցենարների, ստեղծագործությունների հիմքով տարբեր երկրներում նկարահանված ֆիլմեր: Ծրագիրն աշնանը կմասնակցի Ֆրեզնոյում կայանալիք հոբելյանական միջոցառումներին:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կկազմակերպվեն բազմաթիվ հանդիպումներ հանրահայտ կինոգործիչների հետ և վարպետության դասեր կանցկացնեն ուսանողության և կինոգործիչների համար: Կանադահայ ռեժիսոր, Ոսկե ծիրան կինոփառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը կանցկացնի վարպետության դասեր: Արդյունքում կնկարահանվի ֆիլմ` Հայաստանի և արտերկրի երիտասարդ ռեժիսորների մասնակցությամբ:

Արդեն երկու տարի է հաջողությամբ գործում է «Ռեժիսորներ առանց սահմանների» տարածաշրջանային համատեղ արտադրության ֆորումը, որը տարածաշրջանային համատեղ նախագծերի և կինոարտադրության առաջնեկներից է:

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության արդյունքում փառատոնի շրջականներում հուլիսի 18-ին կանցկացվի միջազգային կոնֆերանս` «Կինոն որպես միջմշակութային երխոսության միջոց» վերնագրով:

Փառատոնի ընթացքում կկայանա նաև Համահայկական կինոնախագիծ. հայազգի կինոգործիչները կքննարկեն հայկական կինոյի հեռանկարներն ու զարգացման նոր լուծումներ կորոնեն:

Փառատոնը կբացի Ռոման Բալայանի վերջին ֆիլմը` "Դրախտի թռչուններ":

Փառատոնի փակման ֆիլմն է Ատոմ Էգոյանի "Երկրպագությունը": Այն ընդգրկված էր Կաննի փառատոնի հիմնական մրցութային ծրագրում և արժանացավ Էկումենիկ ժյուրիի մրցանակին:

Ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում:

Ինչպես նախորդ տարիներին, փառատոնի գլխավոր հովանավորն է Վիվասելը: Փառատոնն անցկացվում է Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն