Նորություններ

Կաննի գլխավոր մրցանակակիր «Սեր» -ը «Ոսկե ծիրանի» փակման ֆիլմ

Վերադարձ 28 Հունիսի 2012 12:31

«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կամփոփվի Կաննի 65-րդ փառատոնի գլխավոր մրցանակակիր «Սեր» (“Amoure”) ֆիլմով: Կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկի` «Ոսկե արմավենու» կրկնակի մրցանակակիր, հռչակավոր Միքայել Հաննեկեի` սիրո և հավատարմության մասին պատմող դրաման հատկապես արժեվորված է աշխարհահռչակ դերասանների ` Ժան-Լուի Տրինտինյանի, Էմանուելլա Ռիվայի և Իզաբել Հուպերտի խաղով: Ֆրանսիայի, Գերմանիայի և Ավստրիայի համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմը տարեց զույգի` երաժշտության ուսուցիչներ Աննի և Ժորժի սիրո փորձության պատմությունն է: «Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը կեզրափակվի «Սիրո» մեկ բացառիկ ցուցադրությամբ:

Ի դեպ, Երևանյան պրեմիերաների ծրագրում կցուցադրվի նաև Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` Ուես Անդերսոնի «Լուսնկայի թագավորություն»-ը (“Moonrise Kingdom”): Երևանյան պրեմիերաները կներկայացնի նաև Կաննի հիմնական մրցույթի մասնակից «Բլուրներից այն կողմ» (“Beyond the Hills”) (ռեժ.` Քրիստիան Մունջու) և «Դրախտ. սեր» (“Paradise: Love”) (ռեժ.` Ուլրիխ Զայդլ) ֆիլմերը: Հիշեցնենք նաև, որ 2011 և 2012թթ. ՖԻՊՐԵՍԻ մրցանակակիրներ «Մշուշում» (“In the Fog”) (ռեժ.`Սերգեյ Լոզնիցա) և «Իշխանավորը» (“The Minister”) (ռեժ.`Պիեռ Շյոլեռ) ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:

Խորհրդանշական է, որ Երևանի միջազգային կինոփառատոնը այս տարի կմեկնարկի գրական ստեղծագործության էկրանավորմամբ. ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ոսկե ծիրան»-ն այս տարի կազդարարվի Համո Բեկնազարյանի` 1926թ. ստեղծված «Շոր և Շորշոռ» կատակերգությամբ (ըստ` Մ.Բագրատունու պատմվածքի), որը հուլիսի 8-ին կներկայացվի Վահագն Հայրապետյանի և իր ջազ-խմբի` հատուկ «Ոսկե ծիրանի» համար մշակված նոր երաժշտական ձևավորմամբ:


«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Փառատոնն իրականանում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Գլխավոր հովանավոր` ՎիվաՍել-ՄՏՍ:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն