Նորություններ

Լևան Կոգուաշվիլին ներկայացրեց իր «Փողոցային օրերը»

Վերադարձ 17 Հուլիսի 2010 09:45
Լևան Կոգուաշվիլին ներկայացրեց իր «Փողոցային օրերը» Լինելով գովազդային, հեռուստատեսային և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր` Լևան Կոգուաշվիլին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի Միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում ներկայացրեց իր առաջին գեղարվեստական ֆիլմը, որը կոչվում է «Փողոցային օրեր»: «Վրացիներն ու հայերը շատ ընդհանուր կողմեր ունեն և ես շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ «Ոսկե ծիրան» կինոփառատոնին,- ասում է Լևան Կոգուաշվիլին,- Վրաստանում եղել են տարիներ, երբ ընդհանրապես ֆիլմեր չէին նկարում, հիմա կարելի է ասել ծաղկուն շրջան է սկսվում, և տարվա մեջ 3-4 ֆիլմ է նկարահանվում` կոմերցիոն կամ դրամատիկ բնույթի, իրենց մեջ պարունակող սեքսուալ տարրեր»:
«Փողոցային օրեր» ֆիլմը վեր է հանում թմրամոլության խնդիրը: «Վրաստանում սա իրոք շատ մեծ խնդիր է: Հատկապես 90-ականներից սկսած` շատերը սկսեցին օգտագործել թմրանյութ, և դա կարծես նորաձև դարձավ,- ասում է ռեժիսորը,- Ֆիլմում գլխավոր դերը կատարում է Վրաստանի շատ հայտնի դիզայներ: Շատերն են ասում, որ դերակատարը թմրամոլի համար շատ ազնվաբարո է, բայց իրականում մեզ մոտ հենց նման մարդիկ կախվածություն ունեն և տառապում են թմրամոլությամբ»:
Լևան Կոգուաշվիլին, կրթություն ստանալով Մոսկվայի համառուսական կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), որտեղ նրան դասավանդել է հայտնի կինոռեժիսոր Մառլեն Խուցիևը, սովորել է նաև Նյու Յորքի կինոյի դպրոցում: Որոշ ժամանակ նա զբաղվել է գովազդային ռեժիսուրայով, բայց, ինչպես ինքն է խոստովանում, դա իրեն այնքան էլ հարազատ չէ, ինչքան որ կինոռեժիսուրան: «Լավ կինոռեժիսորները կարող են նկարել գովազդ, բայց ոչ բոլոր գովազդ նկարահանողները կարող են ստեղծել ֆիլմ»,- ասում է Լևան Կոգուաշվիլին:
Ռեժիսորը պատմեց, որ այսօր Վրաստանի երիտասարդության մեջ շատ են կինոսերները և նրանք իրենց կինոթատրոններում հաճախ են պահանջում հոլիվուդյան ֆիլմերից բացի, ցուցադրել նաև վրացի ռեժիսորների աշխատանքները: «Իսկ վրացի հանդիսատեսը հիմնականում նախընտրում է կատակերգական և դրամատիկական գործեր, քանի որ առօրյա խնդիրներն այնքան շատ են, որ մարդիկ կինոյի միջոցով ուզում են հանգստանալ և հաճույք ստանալ»:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն