Նորություններ

Օր երկրորդ

Վերադարձ 10 Հուլիսի 2012 17:07
Օր երկրորդ

“Ոսկե ծիրանի” երկրորդ օրն ավանդաբար սկսվեց մամլո ասուլիսներով. այս անգամ լրագրողներին իրենց ֆիլմերը ներկայացվեցին փառատոնի Հայկական համայնապատկեր մրցույթում ներկայացված “Հայկական ռապսոդիա” (ռեժ.` Սեզար Կանանյան), “Սարե. Ճանապարհորդություն” (ռեժ.` Աննա Տերյան), “Առնո” (ռեժ.` Էդուարդ Համբարձումյան) վավերագրականները, Էրիկ Նազարյանի “Պոլիս”, Լուսկա Խալափյանի “Յոթերորդը”, Լիլիթ Մովսիսյանի “Ես էլ”, Տիգրան Ավետիքյանի “Վատ հայրը” կարճամետրաժները: Արմեն Մազմանյանը, Վահագն Գրիգորյանը և Կարեն Բաբաջանյանը ներկայացրին իրենց “Ես եմ” լիամետրաժը, իսկ Արմինե Անդան խոսեց “Ժաննան և ձայները” լիամետրաժ խաղարկայինի մասին, որը ոչ միայն ներկայացված է մրցույթում, այլև փառատոնի շրջանակներում կունենա իր երևանյան պրեմիերան:

Հուլիսի 9-ին կայացավ նաև «Հայաստան–Թուրքիա կինոպլատֆորմի» բացումը, որին հետևեց ռուս անվանի վավերագրող Մարինա Ռազբեշկինայի վարպետության դասը:

Օրվա երկրորդ կեսը հագեցած էր կարևոր և հետաքրքրական ցուցադրություններով և պրեմիերաներով: Անդրեյ Առնոլդի “Մոլեգին հողմերի դարավանդը” ֆիլմով մեկնարկեց “Գիրքը և կինոն” ծրագիրը: Անդրեյ Տարկովսկուն նվիրված “Հարգանքի տուրք” ծրագիրը մեկնարկեց Ալեքսանդր Սոկուրովի “Մոսկովյան էլեգիա” և Արսեն Ազատյանի և Նարինե Մկրտչյանի “Անդրեյ” ֆիլմերի ցուցադությամբ:

Օրակարգի ամենակարևոր և հետաքրքրական իրադարձություններից էր իսպանացի հռչակավոր ռեժիսոր Վիկտոր Էրիսեի` դպրոցականների համար անցկացրած վարպետության դասը ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որին “Մոսկվա” կինոթատրոնում հաջորդեց Էրիսեի “Հարավը” ֆիլմի ցուցադրությունը: Իրադարձությունը կայացավ լեփ-լեցուն դահլիճում և ազդարարեց ռեժիսորի Ռետրոսպեկտիվ ծրագրի մեկնարկը:

Չնայած կարճատև անձրևին` երեկոն շարունակվեց Շառլ Ազնավուրի հրապարակում ջազ համերգով և Պողոսյան այգիներում` ֆիլմերի բացօթյա ցուցադրությամբ:

 

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն