Նորություններ

ՕՐ ՉՈՐՐՈՐԴ 11 հուլիսի

Վերադարձ 12 Հուլիսի 2012 12:08
ՕՐ ՉՈՐՐՈՐԴ 11 հուլիսի

“Ոսկե ծիրան”-ի չորրորդ օրվա առավոտյան մամլո ասուլիսներում լրագրողներին ներկայացվեցին Հայկական համայնապատկեր մրցույթում ներկայացված երեք վավերագրականներ` Նիկոլ Պեզճյանի “Կոշիկներս Պոլիս ձգեցի”, Էրիկ Խաչիկյանի “Ուղևորություն Ամասիա” և Սյուզան Խարտալյանի “ Տատիկին դաջվածքները” ֆիլմերը, ինչպես նաև Վալերի Մասադյանի “Նանա” լիամետրաժ խաղարկայինը, որն, ի դեպ, երեկոյան ունեցավ իր երևանյան պրեմիերան և որի շուրջ հարց ու պատասխա քննարկումը շարունակվեց նաև փառատոնի ուշ գիշերային ակումբային օրակարգում: Առավոտյան ասուլիսային ծրագրում մամուլին ներկայացվեցին նաև Երևանյան պրեմիերաներ ծրագրի երկու հետաքրքրական ֆիլմերը` նվիրված հայազգի երկու մեծանուն արվեստագետներին` Ռուբեն Քոչարի “Երվանդ Քոչար. Տարածական նկարչություն” և Կոզիմա Սփենդերի “Առանց Գորկու” ֆիլմերը: Ի դեպ, Կոզիման Գորկու թոռն է:

Կեսօրից հետո տեղի ունեցավ փառատոնային օրակարգի, թերևս, ամենահուզիչ իրադարձություններից մեկը. համաշխարհային կինոյի երեք վարպետների` Միքելանջելո Անտոնիոնիի, Տոնինո Գուեռայի և Թեոդորոս Անգելոպուլոսի հիշատակին նվիրված Պատարագը Սբ. Զորավոր եկեղեցում: Պատարագին հաջորդեց “Մոսկվա” կինոթատրոնում կայացած հուշ երեկոն` նվիրված ռեժիսորներին: Իրադարձություններին ներկա էին Գուեռայի և Անգելոպուլոսի այրիները: Երեկոն, որ սկսվեց հայկական դուդուկի հուզիչ նվագով, ներառեց նաև վարպետների մասին պատմող վավերագրականների ցուցադրություններ:

Օրվա երկրոդ կեսին տեղի ունեցավ Միքայել Օբստրուպի վարպետության դասը, նաև Տոլմայի փառատոնը Սարդարապատում, որին մասնակցեցին նաև “Ոսկե ծիրանի” հյուրերի մի մասը:

Փառատոնի չորրորդ օրվա երեկոյան ցուցադրությունները, որ անցան լեփ-լեցուն սրահներում, ներառեցին այնպիսի աշխարհահռչակ ժապավեննրի երևանյան պրեմիերաներ, ինչպիսիք են Քրիստիան Փեցոլդի “Բարբարա”-ն, Ուես Անդերսոնի “Լուսնկայի թագավորությունը”, և այլն:

Սովորականի պես տեղի ունեցան երեկոյան բացօթյա ցուցադրությունները Երևանի կենդանաբանական այգում և Պողոսյան այգիներում: Օրն ինչպես միշտ ավարտվեց տոնական երանգներով` Շառլ Ազնավուրի հրապարակում բացօթյա ջազ համերգով:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն