Նորություններ

Փառատոնը բացված է

Վերադարձ 09 Հուլիսի 2007 20:54
Հուլիսի իննի երեկոյան Ազատության հրապարակում “Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը ազդարարեց “Ոսկե ծիրան 2007” կինոփառատոնի բացման մասին:
Արարողությունը սկսվեց արդեն ավանդական դարձած Ծիրանօրհնեքով: Օրհնված ծիրանները այնուհետև բաժանվեցին հյուրերին եւ մասնակիցներին:
Բացման խոսքում Հարություն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց այն բոլոր մարդկանց, կազմակերպություններին եւ ընկերություններին, որոնք աջակցել են փառատոնի կայացմանը: Հատուկ “Ոսկե ծիրան” մրցանակ շնորհվեց ՎիվաՍել ընկերության տնօրեն Ռալֆ Երիկյանին հայկական մշակույթի զարգացմանը շարունակաբար օժանդակելու համար:
Հարություն Խաչատրյանը հանրությանը ներկայացրեց միջազգային ժյուրիի կազմը, որը գալիք հինգ օրերի ընթացքում պետք է դիտի մասնակից բոլոր ֆիլմերը և հայտարարի հաղթող ֆիլմերի անունները:
Նա նաև հայտարարեց, որ այս հինգ օրերի ընթացքում փառատոնի լավագույն ֆիլմերը անվճար կցուցադրվեն Ազատության հրապարակում:
Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը,այլ պատվարժան հյուրեր թե Հայաստանից, թե արտերկրից:
ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը իր խոսքում ողջունեց բոլոր մասնակիցներին` կարևորելով այն փաստը, որ Երեւանը այս փառատոնի շնորհիվ դառնում է տարբեր ազգերի մշակույթների երկխոսության կենտրոնը և այդ երկխոսությունը իրականացվում է կինոյի լեզվով:
  Արարողության ընթացքում հատկապես կարևորվեց նաև փառատոնին “Արտույտների ագարակը” ֆիլմի (ռեժիսորներ`Վիտորիո եւ Պաոլո Տավիանիներ) մասնակցությունը: Հայաստանում ֆիլմը ներկայացնում էին հայազգի գրող Անտոնիա Արսլանը, ֆիլմի պրոդյուսեր Գրացիա Վոլպին եւ դերասան Չեկի Կարիոն:
Միջոցառումը վարում էր հայտնի հայազգի ռեժիսոր, Հայկական համայնապատկեր մրցույթի ժյուրիի նախագահ Վիգեն Չալդրանյանը:
Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն