Ֆիլմեր

Վիմ Վենդերս

Վերադարձ
Վիմ Վենդերս

Վիմ Վենդերս (ծն. 1945, Դյուսելդորֆ, Գերմանիա)
Օբերհաուզենում գիմնազիան ավարտելուց հետո բժշկություն (1963-64) և փիլիսոփայություն (1964-65) է ուսանել Ֆրայբուրգում ու Դյուսելդորֆում: Ինչեւէ, մնացել է դուրս և 1966-ին մեկնել Փարիզ, որպեսզի նկարիչ դառնա: Արվեստի ակադեմիայի ընդունելության քննությունը չի անցել` փոխարենը փորագրիչ դառնալով Մոնպառնասում ապրող ամերիկացի արվեստագետ Ջոնի Ֆրիդլանդերի արվեստանոցում: Այս ընթացքում տարվել է կինոյով, տեղի կինոթատրոնում` օրական հինգ ֆիլմ դիտել: 1967-ին վերադարձել է Գերմանիա և աշխատանքի անցել United Artists կինոընկերության Դյուսելդորֆի գրասենյակում: Այդ աշնանն ընդունվել է Մյունխենի հեռուստատեսության և կինոյի բարձրագույն դպրոցը: 1967-70 թթ., ուսանելուն զուգընթաց, կինոքննադատ է աշխատել FilmKritik պարբերականում, ապա` SՖddeutsche Zeitung մյունխենյան օրաթերթում, Twen magazine-ում և Der Spiegel-ում: Համալսարանը ՙԱմառը քաղաքում՚ լայնամետրաժ 16 մմ-անոց սև-սպիտակ ֆիլմով ավարտելուց առաջ մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: Կինոկարիերան սկսել է որպես 1960-ականների վերջի Նոր գերմանական կինոյի ներկայացուցիչ` 1970-ին ասպարեզ եկած ՙԱմառը քաղաքում՚ իր ռեժիսորական առաջնեկով: Վենդերսի ստացած մրցանակների թվում են Վենետիկի ՄԿՓ-ի ՙՈսկե առյուծը՚` ՙԻրերի վիճակը՚ ֆիլմի (1982), Կաննի ՙՈսկե արմավենու ճյուղը՚` ՙՓարիզ, Թեքսաս՚-ի (1984) և լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակը ՙՑանկության թևերի՚ (1987) համար: 1989-ին Փարիզի Սորբոնի համալսարանի, իսկ 2005-ին Բելգիայի Լուվենի կաթոլիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում է ստացել: 2005-ին արժանացել է Լոկառնոյի ՄԿՓ-ի պատվավոր ՙԸնձառյուծ՚ մրցանակին: Հեղինակ է նաև մեծ դրվատանքի արժանացած մի շարք վավերագրական ֆիլմերի, որոնցից ամենահիշարժանը ՙԲուենա Վիստա՚ ակումբն՚ է` կուբացի երաժիշտների, և ՙՄարդու հոգին՚` ամերիկյան բլյուզի մասին: Բազմաթիվ երաժշտական տեսահոլովակներ է նկարահանել U2 խմբի մասնակցությամբ, ինչպես, օրինակ, ՙStay (Faraway, So Close!)՚-ը, և մի շարք գովազդային հոլովակներ` հեռուստատեսության համար: Վենդերսը Համաշխարհային կինոյի հիմնադրամի վարչության անդամ է: Այս նախագիծը, որի հիմնադիրը Մարտին Սկորսեզեն է, նպատակ ունի գտնելու և վերանորոգելու համաշխարհային կինոյի վաղուց մոռացված ֆիլմերը: 1996-ից Վենդերսը Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է, ինչպես նաև Համբուրգի Արվեստի քոլեջի պրոֆեսոր է: Ապրում ու ստեղծագործում է Բեռլինում և ԱՄՆ-ում: ՙՊինա՚-ից առաջ 2009/10 թթ. 2 կարճամետրաժ եռաչափ ֆիլմ է նկարահանել:

Ֆիլմացանկ
Ամառը քաղաքում (1970), Դարպասապահի վախը 11-մետրանոցից (1972), Ալ տառը (1973), Ալիսը քաղաքներում (1974), Կեղծ շարժում (1975), Ժամանակի ընթացքում (1976), Ամերիկացի բարեկամը (1977), Կայծակ ջրի վրա (1980), Հեմեթ (1982), Իրերի վիճակը (1982), Վավերադրամա (1984), Փարիզ, Թեքսաս (1984), Ցանկության թևերը (1987), Նոթեր հագուստների և քաղաքների մասին (1989), Մինչև աշխարհի վերջը (1991), Արիշա. արջը և քարե օղակը (1992), Այսքան հեռու, այսքան մոտ (1993), Լիսաբոնյան պատմություն (1994), Ամպերից այն կողմ (1995), Սկլադանովսկի եղբայրները (1995), Լյումիեր և ընկերություն (1995, նովել), Բռնության վերջը (1997), Ուիլի Նելսոնը ՙՏեատրո՚-ում (1998), ՙԲուենա Վիստա՚ ակումբը (1999), ՙՄիլիոն դոլար՚ հյուրանոցը (2000), Ներբող Քյոլնին. ռոքնռոլային ֆիլմ (2002), Ճանապարհի մյուս կողմը (2003), Մարդու հոգին (2003), Առատության երկիր (2004), Մտեք առանց դուռը ծեծելու (2005), Անտեսանելիները (2007, ՙԱնտեսանելի հանցանքներ՚ նովելը), Ամեն մեկն իր կինոն ունի (2007, ՙՊատերազմ խաղաղության ժամանակ՚ նովելը), Նկարահանում Պալերմոյում (2008), 8 (2008, ՙՄարդը` մարդուն՚ նովելը), Եթե շենքերը խոսել իմանային (2010), Պինա (2011)

 

 

 

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն