Նորություններ

Օր երրորդ

Վերադարձ 11 Հուլիսի 2012 16:41
Օր երրորդ

“Ոսկե ծիրան” Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը պատիվ ունի հյուրընկալել վրաց անվանի կինոռեժիսոր Էլդար Շենգելայային Երևանում և փառատոնի Հետահայաց ցուցադրություններրի` “Ռետրոսպեկտիվ” ծրագրի շրջանակներում ներկայացնել նրա լավագույն ֆիլմերը: Մասնավորապես, կցուցադրվեն նրա “Արտասովոր ցուցահանդես” (1968թ.), “Խելառները” (1973թ.), “Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն” (1983թ.), “Սամանիշվիլու խորթ մայրը” (1977թ.) ֆիլմերը: “Ոսկե ծիրան”-ը Շենգելայային շնորհեց “Փարաջանովյան թալեր” մրցանակը համաշխարհային կինոյում վաստակի համար, ինչը այս դեպքում կարելի է դիտարկել ոչ միայն որպես ռեժիսորական ավանդի մեծարում, այլև որպես հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ու մասնավորապես` Փարաջանովի կենսագրության մեջ Շենգելայայի ունեցած ներդրման գնահատանք:

Փառատոնային երրորդ օրը` հուլիսի 10-ը, սկսվեց Շենգելայայի հետ մամլո ասուլիսով, որտեղ ռեժիսորը միայն իրեն հատուկ յուրահատուկ սրամտությամբ և նուրբ մտերմիկ ոճով ներկայացրեց իր ստեղծագործական ուղին և Հայաստանի ու հայազգի արվեստագետների հետ տարիներ շարունակ ունեցած բարեկամական հարաբերությունները:

Հուլիսի 10-ի առավոտյան մյուս էական իրադարձություններից էր “Ռեժիսորներ առանց սահմանների” համատեղ արտադրության ֆորումի բացումը:

Հուլիսի 10-ի ասուլիսային օրակարգը ներառեց նաև իրանցի ռեժիսոր Ահմադ Ռեզա Մոթամեդու մամլո ասուլիսը, երբ վերջինս ներկայացրեց “Ոսկե ծիրանի” միջազգային մրցույթում ներկայացված իր “Ալցհայմեր” լիամետրաժ խաղարկայինը: Հանդիպմանը հաջորդեց “Հայկական համայնապատկեր” մրցույթում ներկայացված “Եթե բոլորը” և “Հոբելյանական հաճախորդ” լիամետրաժ խաղարկայինները լրագրողներին ներկայացնող ասուլիսը, որի բանախոսներն էին Միքայել Պողոսյանը, Նատալիա Բելյաուսկենեն և Արա Երնջակյանը:

Կեսօրից հետո տեղի ունեցավ Ռոլանդ Ղազարյանի վարպետության դասը: Զուգահեռաբար տեղի ունեցավ նաև լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված կոկտեյլը, որը հրաշալի առիթ դարձավ լրագրողների համար հանդիպել Երևան ժամանած կինոգործիչներին և անհատական հարցազրույցներ վերցնել:

Օրվա երկրորդ կեսին Դմիտրի Մամուլիայի “Ուրիշ երկինք” ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկեց “ԱՊՀ երկրների կինո” ծրագիրը, որը կայանում է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:

Փառատոնի երեկոյան ծրագրի կարևորագույն իրադարձություններից էր Էլդար Շենգելայայի “Սամանիշվիլու խորթ մայրը” ֆիլմի ցուցադությունը, որն էլ ազդարարեց ռեժիսորի` “Ռետրոսպեկտիվ” ցուցադրությունների ծրագրի սկիզբը: Փառատոնի ուշ երեկոյան ծրագիրը բացօթյա էր ինչպես միշտ. տեղի ունեցան ամենօրյա բացօթյա ջազ համերգը, ինչպես նաև ֆիլմերի բացօթյա ցուցադրությունները Երևանի կենդանաբանական այգում և Պողոսյան այգիներում:

 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն