Նորություններ

Նվիրում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին

Վերադարձ 18 Հունիսի 2008 16:50
Նվիրում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին Այս տարի Ոսկե ծիրան կինոփառատոնը իր հոբելյանական ծրագրերից մեկն ամբողջապես նվիրում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 100-ամյակին:
Իր ստեղծագործական կյանքն սկսելով Հոլիվուդի ոսկեդարի ժամանակաշրջանում` ամերիկահայ մեծանուն գրողը որոշակի համագործակցություն է ունեցել կինոարվեստի հետ: Վիլյամ Սարոյանը հանդես է եկել նաև որպես կինոքննադատ և կինոբեմադրիչ։
1941թ.-ի վերջին Metro Goldwyn Mayer կինոստուդիայի տնօրեն Լուիս Մեյերը դիմեց Սարոյանին` առաջարկելով մի ֆիլմի սցենար գրել, որը բարոյապես կամրապնդեր Ճապոնիայի դեմ մղված պատերազմի ցնցումից տառապող ամերիկացիներին : Կարճ ժամանակմիջոցում Սարոյանը գրեց Մարդկային կատակերգություն սցենարը : Լուիս Մեյերը ֆիլմի իրավունքները գնեց 60 000 դոլարով, ինչը առասպելական գին էր այդ ժամանակների համար : Սարոյանը վստահ էր, որ ֆիլմի ռեժիսորն ինքը կլինի, սակայն Մեյերը չի համաձայնում` պատճառաբանելով, որ նա երբևէ ֆիլմ չի նկարահանել: Սարոյանը պնդում է իրեն հնարավորություն տալ փորձել`առաջարկելով տրամադրել իրեն երեք օր և համապատասխան տեխնիկա : Մեյերը համաձայնվում է, և երեք օր անց Սարոյանը Մեյերին է ներկայանում բոլորովին նոր սցենարով, որի հիման վրա նկարահանում է Լավ գործ կարճամետրաժ ֆիլմը :
Այդուհանդերձ` Մեյերը հրաժարվում է Սարոյանին թույլ տալ նկարահանել Մարդկային կատակերգությունը` այն հանձնելով ռեժիսոր Քլարենս Բրաունին։
Սարոյանը, կարճ ժամանակ անց, նույն սցենարի հիման վրա գրում իր թերևս ամենից նշանավոր վեպը` Մարդկային կատակերգությունը : Գիրքը լույս է տեսնում 1943-ին : Ճակատագրի հենգնանքով 1943-ին Սարոյանը Օսկար շահեց «Մարդկային կատակերգություն» ֆիլմի լավագույն սցենարի համար:
Ոսկե ծիրան փառատոնի շրջանակներում հայաստանցի հանդիսատեսն առաջին անգամ հնարավորություն կունենա դիտել 1940-ականներին Հոլիվուդում Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված երեք կինոնկարները, ինչպես նաև Սարոյանի իսկ նկարահանած ՙԼավ գործը՚ կարճամետրաժ կինոֆիլմը։ Վերոնշյալները ներառյալ` Ոսկե Ծիրանը կցուցադրի Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված Հայաստանի և Ռուսաստանի կինոգործիչների տարբեր տարիների 15 խաղարկային և անիմացիոն ժապավեններ։
Ոսկե ծիրանի շրջանակներում սարոյանական ֆիլմերը կներկայացնի և կինոարվեստի հետ նրա ունեցած առնչությունների մասին դասախոսությամբ հանդես կգա սարոյանագետ, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Տիգրան Գույումճյանը։
Փառատոնի շրջանակներում կկայանա Արծվի Բախչինյանի Չորս տեսիլք. Սարոյանը և Հոլիվուդի դերասանուհիները՚ գրքույկի շնորհանդեսը։ Այն ընդգրկում է հոլիվուդյան չորս հռչակավոր դերասանուհիների /Լիլիան Գիշ, Գրետա Գարբո, Միրիամ Հոփքինս, Մերիլին Մոնրո/ մասին Սարոյանի գրած էսսեները, որոնք այս գրքույկում ընդգրկված են բնագրով՝ հայերեն և ռուսերեն թարգմանություններով:
Ոսկե ծիրան փառատոնն անցկացվում ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելը:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2022 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն