Նորություններ

«ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» (ՌԱՍ) ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

Վերադարձ 09 Հունիսի 2012 12:02
«ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ» (ՌԱՍ) ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հունիսի 8-ին, հանդես եկան համատեղ մամլո ասուլիսով: Ասուլիսը ներկայացրեց «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագիրը: Ասուլիսի բանախոսները` Ժան-Քրիստոֆ Գայրանը (Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար), Սուսաննա Հարությունյանը («Ոսկե ծիրան» Երևանի մկփ գեղարվեստական ղեկավար, Նունե Սարգսյանը (ԻՆՏԵՐՆՅՈՒԶ –Հայաստան. Տնօրեն), Տաթևիկ Մանուկյանը («Ոսկե ծիրան» Երևանի մկփ միջազգային բաժնի ղեկավար, ՌԱՍ նախագծի համակարգող) և Ջեֆ Գալուստյանը (ՌԱՍ ծրագրի միջազգային խորհրդատու) լրագրողներին ներկայացրին ծրագրի առաքելությունը, խնդիրները և բովանդակությունը:

Հայաստանում` Եվրոպական միության աջակցությամբ հիմնվել է նոր ծրագիր` նախատեսված Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչների համար: «Ռեժիսորներ առանց սահմանների» Արևելյան գործընկերության ծրագիրն իրականացվում է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ միջոցով` Եվրամիության աջակցությամբ: Իր գործընկերների` MAIA (Իտալիա)-ի, INTERFILM (Ուկրաինա)-ի, CINEMA ART CENTER PROMETHEUS (Վրաստան)-ի, INTERNEWS (Հայաստան)-ի հետ համատեղ, ծրագիրը կկազմակերպի մի շարք սեմինարներ և դասընթացներ, կտրամադրի առցանց հնարավորություններ Հայաստանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ադրբեջանում բնակվող կինոգործիչների համար:

ՌԱՍ-ը ձևավորվել է դեռևս 2007թ. «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում մեկնարկած «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության ֆորումի հիման վրա: Վերջինս հաջողությամբ կայացել է նախորդ հինգ տարիների ընթացքում` նպատակ ունենալով խթանել տարածաշրջանային համատեղ կինոարտադրությունը: Նախորդ տարիներին ֆորումի շրջանակներում տարածաշրջանի երկրներից ներկայացվել է մոտ 100 կինոնախագիծ, որոնց հեղինակ ռեժիսորներին և պրոդյուսերներին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու միջազգային հեղինակություն վայելող մասնագետների` սցենարի և արտադրության զարգացման դասընթացներին, ինչպես նաև ծանոթանալու կինոյի զարգացման և ֆինանսավորման միջազգային կարևորագույն կազմակերպություններին և ներկայացուցիչներին:

2011թ. Հայաստանում Եվրամիության պատվիրակության կողմից Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի միջոցով դրամաշնորհ ստանալով Եվրոպական համայնքից` ՌԱՍ-ը հնարավորություն ստացավ ընդլայնելու արդեն գոյություն ունեցող ծրագրերի շրջանակը և արդեն իսկ 2011-2013թթ. կիրականացնի մի շարք առավել ընդգրկուն նախաձեռնություններ, մասնավորապես` ՌԱՍ համատեղ արտադրության ֆորում, Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ, «Կինոլրագրություն առանց սահմանների», «Ֆիլմեր առանց սահմանների», և այլ կինոդասընթացներ և ծրագրեր: Նշված բոլոր նախաձեռնությունների վերաբերյալ առավել մանրամասն և անընդհատ թարմացվող տեղեկատվությունն առկա է ՌԱՍ-ի` www.dabhub.com ինտերնետային նոր կայքէջում:

«Կինո առանց սահմանների» ինտերնետային ցանց. ՌԱՍ-ը մշակել և իրականացնում է ինտերնետային ցանց տարածաշրջանի կինոգործիչների, լրագրողների և կինոյի սիրահարների համար: Ցանցի առանցքը ՌԱՍ-ի նորաստեղծ www.dabhub.com կայքէջն է, որում ներկայացված է կինոգործիչների, լրագրողների, կինոյի սիրահարների և կինոյի ֆինանսավորողների համար ընդգրկուն տեղեկատվություն:

ՌԱՍ համատեղ արտադրության ֆորումն այս տարի կկայանա արդեն 6-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում` հուլիսի 10-12-ը: Եռօրյա ֆորումի ծրագիրը կներառի սցենարի և արտադրության զարգացման դասընթացներ, որոնց կմասնակցեն մրցութային կարգով ընտրված մոտ 12 կինոնախագիծ (լիամետրաժ խաղարկային ֆիլմերի): Ներկայացված լավագույն նախագծին կտրամադրվի փոքր դրամաշնորհ:

Հայաստան –Թուրքիա կինոպլատֆորմը, հիմնադրված 2008թ., այս տարի` հուլիսի 9-11, Երևանում կունենա իր հերթական հանդիպումը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Հայ-թուրքական համատեղ կինոարտադրության խթանմանն ուղղված ծրագիրը մրցութային կարգով կընդգրկի 5 թուրքական և 5 հայկական վավերագրական և կարճամետրաժ կինոնախագծեր, որոնց ներկայացուցիչ ռեժիսորները և պրոդյուսերները մասնակիցների հետ հնարավորություն կունենան մասնակցելու սցենարական և արտադրական զարգացման սեմինարներին: Ծրագիրն իրականացվում է Անադոլու Քուլթուր (Թուրքիա) կազմակերպության հետ համատեղ: Մասնակից լավագույն կինոնախագծին կշնորհվի զարգացման դրամաշնորհ:

«Կինոլրագրողներ առանց սահմանների» ծրագիրը տարածաշրջանի երիտասարդ կինոլրագրողներին հնարավորություն կընձեռի տեսականորեն և գործնականում զարգացնելու կինոլրագրության և կինոքննադատության հմտությունները: Ծրագրի մեկնարկը կկայանա 2012թ. հուլիսի 4-7, որի շրջանակներում կինոլրագրության դասընթացներ կանցկացվեն տարածաշրջանի երկրներից սկսնակ լրագրողների կամ լրագրության ուսանողների համար: Լավագույն մասնակիցներն այնուհետև կընդգրկվեն «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի օրաթերթի աշխատանքներում:

«ՌԱՍ ֆիլմեր առանց սահմանների». ՌԱՍ-ը և իր գործընկերները «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կներկայացնեն Արևելյան գործընկերության երկրների վերջին տարիների լավագույն ֆիլմերը: Ծրագիրն այնուհետև կշրջի տարածաշրջանի առնվազն երեք երկրների գործընկեր փառատոներում: Տեղի մշակութային և երիտասարդական հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ցուցադրություններ կիրականացվեն նաև առավել փոքր քաղաքներում:

Կինոդասընթացներ. ծրագրի շրջանակներում ՌԱՍ-ի և իր գործընկերների կողմից Արևելյան գործընկերության երկրների սկսնակ կինոգործիչների համար առաջին անգամ կիրականացվեն սցենարի և արտադրության զարգացման դասընթացներ: Առաջին դասընթացը կանցկացվի Երևանում հունիսի 11-15-ը:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի համակարգող Տաթևիկ Մանուկյանին` t.manoukyan@dabhub.com էլէկտրոնային հասցեով:

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականանում է ՀՀ մշակույթի նախարարութան աջակցությամբ: Փառատոնի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

Moscow Cinema
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2019 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն