Նորություններ

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը` աշխարհի տարբեր փառատոներում

Վերադարձ 10 Հունիսի 2010 13:44
Հարություն Խաչատրյանի ֆիլմերը` աշխարհի տարբեր փառատոներում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները մեկնարկել են 2009-ից ու պարբերաբար տեղ են գտնում աշխարհի տարբեր փառատոներում: Անցած տարվա ընթացքում ռետրոսպեկտիվների շարքով ռեժիսորի աշխատանքները ներկայացվել են Մոսկվայի միջազգային կինոփառատոնում, այնուհետև` Մոնտեվիդեոյում և Թբիլիսիի միջազգային կինոփառատոնում: Իսկ իտալացի հայտնի սոցիոլոգ, կինոյի տեսաբան ու քաղաքական գործիչ Դարկո Բրատինայի անվան հեղինակավոր մրցանակի առթիվ` ռեժիսորի ֆիլմերը ցուցադրվել են նաև Իտալիայի և Սլովենիայի 5 քաղաքներում:

Ռետրոսպեկտիվ ցուցադրությունների հրավերները շարունակվեցին նաև 2010-ին` Իսպանիայից, Իսրայելից ու նաև ԱՄՆ-ից:

Մայիսի 30-ից մինչև հունիսի 6-ը Իսրայելի Սդերոտ քաղաքում կայացած 9-րդ «Cinema South» միջազգային փառատոնի Համաշխարհային կինո ծրագրում Հայկական կինո բաժինը ներկայացված էր Հարություն Խաչատրյանի 4 ֆիլմերի հետահայաց ցուցադրությամբ` “Սահման”, “Վավերագրողը”, “Պոետի վերադարձը” և “Վերադարձ ավետյաց երկիր”: “Առանց հայրենիքի հանդեպ պարտադրված կարոտի, Հարություն Խաչատրյանի ֆիլմերը մեզ են փոխանցում ռեժիսորի մեծ սերն իր գեղեցիկ ու խորհրդավոր հայրենիքի նկատմամբ”, - գրել են փառատոնի կազմակերպիչները:

Ավելի վաղ` մայիսի 7-16-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կայացած Վավերագրական ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնում (Docmenta Madrid) Հարություն Խաչատրյանը պատվավոր հյուրերից էր, նրա 6 ֆիլմերի հետահայաց ցուցադրություններն ընդգրկված էին Տեղեկատվական ծրագրում: “Մարդկանցից առավել` նրա տեսախցիկը որսում է ճանաչելի ուրիշը` պատկերներ և կերպարներ, որոնք այլևս որևէ կոնկրետ տեղի չեն պատկանում”, - մեկնաբանել է փառատոնը:

Մինչև հիմա որևէ կինոփառատոնում հայ ռեժիսորներից միայն Սերգեյ Փարաջանովի և Արտավազդ Փելեշյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ էին կազմակերպվել:

Այս տարի Հարություն Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ նախատեսված են նաև սեպտեմբերի 3-6-ը ԱՄՆ Կոլորիդա Նահանգում` Թելուրայդի 37-րդ միջազգային կինոփառատոնում:
 Hirair and Anna Hovnanian Foundation
 
Օրաթերթ
 
Արձագանքներ
 
 
©2004-2020 ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆ. ԲՈԼՈՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ: Դիզայն